Jump to content

Ռաֆայելա Կառա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայելա Կառա
իտալ.՝ Raffaella Carrà
Ծնվել էհունիսի 18, 1943(1943-06-18)[1][2]
ԾննդավայրԲոլոնիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 5, 2021(2021-07-05)[3] (78 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
ԿրթությունCSC?[5]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, երգչուհի, պարուհի և դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Gino Stacchini?, Little Tony?, Gianni Boncompagni? և Sergio Japino?
Պարգևներ և մրցանակներ

Ռաֆայելա Կառա (իտալ՝. Raffaella Carrà. հունիսի 18, 1943(1943-06-18)[1][2], Բոլոնիա, Իտալիայի թագավորություն - հուլիսի 5, 2021(2021-07-05)[3], Հռոմ, Իտալիա[4]), իտալացի դերասանուհի, երգչուհի, հեռուստահաղորդավարուհի։

Մանկությունը և կարիերայի սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կադր ,,Անցյալի տառապանքները,, ֆիլմից

Դերասանուհու մանկությունն անցել է Բելարիա-Իջեա-Մարինա քաղաքում։ Դեռ մանուկ հասակից Ռաֆայելան հաճախակի հանդես է եկել հեռուստաբեմադրություններում։ Տատիկի՝ Անդրեինայի պնդմամբ նրան ութ տարեկանից ուղարկել են Հռոմ՝ թատերական արվեստ սովորելու։ Այստեղ ասմունքի ու դրամատիկական արվեստի դասեր է առել դերասանուհի Թերեզա Ֆրանկինիից (իտալ՝. Teresa Franchini) և պարի դասեր՝ պարուսույց Ջիա Ռուսկայայից (իտալ՝. Jia Ruskaia): Իր առաջին, ոչ մեծ դերը Ռաֆայելան կատարել է Մարիո Բոննարի «Անցյալի տառապանքները» կինոնկարում։ Մի քանի տարի անց նա ընդունվել է Հռոմի կինեմատոգրաֆիայի փորձարարական կենտրոնի ուսումնական հաստատությունը, որն ավարտելուց հետո նկարահանվել է «Քառասուերեք թվականի երկար գիշերը», «Ընկերները», «Չելեստինա» և բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ընդ որում՝ «Ֆոն Ռայենի գնացքը» կինոնկարում եղել է մեծահամբավ Ֆրենկ Սինատրայի խաղընկերը։

1961 թվականին Կառան մասնակցել է «Խոսքերի հեղինակը. - անհայտ է» (իտալ՝. «Il paroliere: questo sconosciuto») հեռուստահաղորդմանը, նկարահանվել «Մեծ քամելեոններ» (իտալ՝. «I grandi camaleonti»), «Սկարամուշ» (իտալ՝. «Scaramouche») սերիալներում, Մարչելո Մաստրոյանիի հետ երգել «Չաո, Ռո՛ւդի» (իտալ՝. «Ciao Rudy») մյուզիքլում։

1970-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանցոնիսիմա-70» երաժշտական ծրագրում ելույթ ունենալուց հետո Ռաֆայելան ձայնագրել է «Ի՜նչ երաժշտություն է, մաե՛ստրո» (իտալ՝. «Ma che musica maestro») կոմպոզիցիան։ Երգը շատ կարճ ժամանակում նվաճել է երաժշտական Օլիմպոսը և հաստատուն կերպով առաջին տեղն զբաղեցրել հիթ շքերթում։ Հենց այդ ժամանակից էլ սկիզբ է առել Ռաֆայելա Կառայի՝ որպես մեներգչուհու փայլուն կարիերան։ Նրա թողարկած առաջին իսկ ձայնապնակը հռչակվել է «ոսկե ձայնասկավառակ»։ Հետագա տարիներին երգչուհին թողարկել է ևս տասներեք այդպիսի՝ ձայնապնակ (տասնչորսերորդ «ոսկե ձայնասկավառակը» ստացել է 2008 թվականին՝ «Ռաֆիկա» խորագիրը կրող իր ձայնապնակի համար)։

1971 թվականի հիթ շքերթում Ռաֆայելայի կատարած կոմպոզիցիաները միանգամից չորս առաջնային տեղեր են գրավել։ Նա դարձել է կիրակնօրյա «Gran Varietà» ռադիոհաղորդման վարողը։ Այդ նույն տարում հեռուստատեսության համար ձայնագրել է «Maga Maghella» և «Tuca Tuca» հոլովակները։ Ընդ որում՝ «Tuca Tuca»-ում, իտալական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ, երգչուհին էկրանին հայտնվել է պորտը չծածկող զգեստով։ Դա հարուցել է Վատիկանի սուր դժգոհությունը, և L'Osservatore Romano-ի էջերում հիթ շքերթը հրապարակվել է ո՛չ իր ամբողջական տեսքով. «Tuca Tuca»-ն և դրան հաջորդած երգերը դուրս են թողնվել ցանկից[7]։ Այդ հոլովակի կապակցությամբ բարձրացված աղմուկը իր ազդեցությունն է թողել այն ժամանակների երիտասարդական նորաձևության վրա։

Հեռուստատեսությունում Ռաֆայելան հասել է ավելի մեծ հաջողության։ Այստեղ նա միաժամանակ և՛ հաղորդումներ է վարել, և՛ երգել է, և՛ պարային համարներ է կատարել։ 1974 թվականին «Կանցոնիսիմա»-ում կատարել է «Աղմուկ» (իտալ՝. «Rumore») և «Երջանկություն» (իտալ՝. «Felicità tà tà») երգերը, որոնք կարճ ժամանակում դարձել են ամենատարածվածն ու ամենասիրվածը Իտալիայում։

Նրա՝ որպես տաղանդավոր արվեստագետի համբավը տարածվել է նաև հայրենի բնօրրանի սահմաններից շատ ու շատ հեռու։ Նա մեծ հաջողությամբ համերգներ է տվել Իսպանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Արգենտինայում, Խորհրդային Միությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։ Ռաֆայելային մեծ ժողովրդականություն է բերել հատկապես «Արա՛ քայլն առաջին» (իտալ՝. «A far l’amore comincia tu») երգը, որն ընդգրկվել է բազմաթիվ երկրների հիթ շքերթներում։ Այդ երգը նա կատարել է ոչ միայն իտալերեն, այիև ֆրանսերեն («Parce que tu l’aimes dis-le lui»), իսպաներեն («En el amor todo es empezar»), գերմաներեն («Liebelei»), անգլերեն («Do It, Do It Again»)[8] : Պակաս հաջողություն չէր վայելում «Շնորհավո՛ր» երգը (իտալ՝. «Tanti Auguri»), որի իսպաներեն տարբերակը («Hay que venir al sur»), շլյագեր դարձած «Ֆիեստա»-ի (իտալ՝. «Fiesta») հետ մեկտեղ, մեծ ժողովրդականություն է բերել երգչուհուն Իսպանիայում և Լատինական Ամերիկայի երկրներում։

Սկսած 1977 թվականից՝ Ռաֆայելա Կառան կանոնավոր կերպով հանդես է եկել միջազգային հեռուստահաղորդումներում։ Բարձր պրոֆեսիոնալիզմը, վոկալ և արտիստական ձիրքերի վարպետորեն համակցումը միլիոնավոր արվեստասերների ուշադրությունն են գրավել և գրավում։ Բազմաթիվ այլ երգիչներ ևս կատարել են նրա երգացանկում ընդգրկված երգերից, ինչպես, օրինակ, ժամանակակից թուրքական երգարվեստի աստղ համարվող Աժդա Պեկանը, էստոնուհի Աննե Վեսկին, գերմանացի Տոնի Հոլիդեյը, չեխուհի Հելենա Վոնդրաչկովան, բրազիլուհի Պեռլան...

1977 թվականին «Special» ծրագրում Ռաֆայելայի ունեցած ելույթները հեռարձակվել են Եվրոպայի հաղորդակցային հիմնական ցանցերով։ Երկու տարի անց նա հանդես է եկել «Ի՜նչ երեկո է...» (իտալ՝. «Ma che sera») համերգային ծրագրով, որի վերահաղորդման իրավունքը իտալական RAI հեռուստաընկերությունը հետագայում վաճառել է աշխարհի 36 ընկերությունների։

1980-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների սկզբից Ռաֆայելա Կառան հեռուստատեսությունում հանդես է եկել հիմնականում որպես իտալախոս և իսպանախոս լսարանի համար երաժշտական շոուներ վարող։ 1980 թվականին նկարահանվել է արգենտինական «Բարբարա» կինոնկարի (ռեժիսոր՝ Ջինո Լանդի) գլխավոր հերոսուհու դերում։ Rai 2 հեռուստաալիքով հեռարձակվել են «Millemilioni» շարքի հինգ հաղորդումներ՝ նրա մասնակցությամբ։ Այդ հաղորդումները տեսաձայնագրվել են Իտալիայում, ԽՍՀՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում և Արգենտինայում։ Արտիստուհին մասնակցել է նաև ԽՍՀՄ-ում անցկացված իտալական հեռուստատեսության օրերին, որոնց ընթացքում խորհրդային արվետասերները հնարավորություն են ստացել մոտիկից շփվելու, ավելի լավ ճանաչելու սիրված երգչուհուն։ Դրան մեծապես նպաստել է նաև հեռուստատեսության համար ռեժիսոր Եվգենի Գինզբուրգի նկարահանած «Ռաֆայելա Կառան Մոսկվայում» կինոնկարը։ Այդ նույն ժամանակ թողարկվել է Կառայի նոր՝ «Inviato speciale» ալբոմը, որը շատ կարճ ժամանակամիջոցում նվաճել է հիթ շքերթների բարձունքները։ Այդ ալբոմի հիթերից էր «Soca Dance»-ն՝ անթիլյան նոր պարը, որն արագորեն գրավել է Իտալիայի պարահրապարակները։

1987 թվականին Ռաֆայելան համաեվրոպական մի նախագծի շրջանակներում սկսել է համագործակցել Fininvest հաղորդակցական ցանցի հետ. նախագծի նպատակն էր՝ զվարճալի, ժամանցային հաղորդումների միջոցով նպաստել տարբեր ժողովուրդների մշակույթների մերձեցմանը։ Դրան զուգահեռ՝ հեռարձակվել է «Raffaella Carrà Show»-ն, որին իրենց մասնակցությունն են բերել նաև համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ։ Եթեր են հեռարձակվել ամենաբազմազան թեմաներով հարցազրույցներ արտիստուհու հետ, ինչպես նաև՝ նրա երգերն ու պարերը։ Ընդ որում՝ պարերի բեմադրիչը Սերջո Յապինոն էր (իտալ՝. Sergio Japino), որը հետագայում դարձել է արտիստուհու քաղաքացիական ամուսինը և այն բոլոր հեռուստահաղորդումների ռեժիսորը, որոնցում նա կարևոր մասնակցություն է ունեցել։ Լատինական Ամերիկայում «Raffaella Carrà Show»-ն ցուցադրվել է Արգենտինայի, Մեքսիկայի, Չիլիի, Վենեսուելայի հանրահայտ մարզադաշտերում, տասյակ հազարավոր հանդիսականների համար։ Իսպանալեզու երկրներում երգչուհու մեծ ժողովրդականությանը նպաստել է իսպաներենին ազատորեն տիրապետելը (թեև նույնը կարելի է ասել նաև ֆրանսերենի, անգլերենի մասին)։

1990-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներին Ռաֆայելան հանդես է եկել որպես «Fantastico 3», «Pronto Raffaella?», «Buonasera Raffaella», «Raffaella Carrà Show», «Domenica in …», «Il principe Azzurro», «Weekend con Raffaella», «Fantastico-91» սիրված հեռուստահաղորդումները վարող կամ իր երգով ու պարով դրանց մասնակցող արտիստուհի։ Նրան հաջողվել է տարիներ շարունակ պահպանել իր շոուների մեծ ժողովրդականությունը. օրինակ՝ 1990-1991 թվականներին հեռարձակված «Ricomincio da due» հաղորդումը անհավանական թվացող հաջողության է հասել՝ ապահովելով միջին հաշվով վեց միլիոնանոց լսարան (այսինքն՝ իտալական ամբողջ հեռուստալսարանի քառասուն տոկոսը) և առաջ անցնելով մինչև անգամ Rai 1 հեռուստաալիքով հեռարձակվող կիրակնօրյա ժամանցային «Domenica in …» կուլտային ծրագրից։

1991-1995 թվականներին արտիստուհին համագործակցել է իսպանական հեռուստատեսության հետ՝ դառնալով «Hola Raffaella!» («Ողջո՜ւյն, Ռաֆայե՛լա»), «A las 8 con Raffaella», «En casa con Raffaella» հեռուստահաղորդումները վարողը։ Այդ ընթացքում հասցրել է նաև մի զուգերգ ձայնագրել Նատալյա Օրեյրոյի հետ։ 1993 թվականին «Hola Raffaella!» հաղորդմանը շնորհվել է Իսպանիայի հեռուստատեսության ամենահեղինակավոր՝ TP մրցանակը՝ որպես այդ տարվա լավագույն տեղեկատվական-ժամանցային ծրագրի։ Երգչուհին «Hola Raffaella!»-ի հաղորդումներում հնչեցրած իր երգերը հետագայում թողարկել է նույնանուն ալբոմում։

Սկսած 1995 թվականից՝ Կառան հանդես է եկել որպես իտալական հեռուստատեսության «Գրո՛ղը տանի, ինչպիսի՜ սյուրպրիզ...», (իտալ՝. «Carràmba! che sorpresa»), այնուհետև՝ «Գրո՛ղը տանի, ինչպիսի՜ հաջողություն» (իտալ՝. «Carràmba! che fortuna») երաժշտական հեռուստաշոուները վարող, որոնք հսկայական, աննախադեպ հաջողություն են վայելել՝ ապահովելով միջին հաշվով 12-13 միլիոնանոց լսարան (այսինքն՝ իտալական ամբողջ հեռուստալսարանի ավելի, քան 50 տոկոսը)։ Նրա հեռուստածրագրի ձևաչափը ընդօրինակել, պատճենել են այլ հեռուստաալիքներ ևս։ Իսկ Ռաֆայելան, շարունակ առաջ շարժվելով, վերոնշյալ ծրագրերը վարելու հետ մեկտեղ, հանդես է եկել իբրև «Furore» (1997 թ.), «Segreti e… Bugie» (1999 թ.), ինչպես նաև «Navigator — Alla ricerca di Ulisse» հեռուստահաղորդումների հեղինակ։ Ի դեպ, «Navigator — Alla ricerca di Ulisse» ծրագիրը Կաննի փառատոնում արժանացել է եվրոպացի քննադատների միջազգային մրցանակին՝ որպես 1999 թվականի ամենաինովացիոն ծրագիր։ Անվերջ պրպտող, անխոնջ, եռանդուն արվեստագետի՝ 1990-ականների ձեռքբերումներից էր նաև նրա տաղանդավոր աշխատանքը 1997 թվականին նկարահանված «Մայրիկ՝ դիպվածաբար» հեռուստասերիալում, որտեղ նա տպավորիչ կերպով խաղացել է երեք երեխաների մայր ժուռնալիստուհու դերը՝ դարձյալ ցուցադրելով դերասանական իր մեծ ձիրքը և արժանանալով հանդիսատեսի դրվատանքին։

2000-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆայելան Մադրիդում /2017 թ./

2000-ականներին Ռաֆայելա Կառան «Carràmba» հեռուստածրագրի թողարկման աշխատանքների ընդմիջումներին հանդես է եկել երգի տարբեր փառատոներ վարողի դերում։ 2001 թվականին վարել է Սան Ռեմոյի փառատոնը և փառատոնին հաջորդած «Dopo Festival» հեռուստածրագիրը, 2008-ին՝ Եվրատեսիլի հաղորդումը իսպանական հեռուստատեսությունում, 2011-ին եղել է Իտալիայում անցկացված եվրատեսիլյան մրցույթի արդյունքները հրապարակողը[9]։ Այս ամենի հետ մեկտեղ՝ 2004 թվականին նախաձեռնել է և վարել մի նոր հեռուստաշոու՝ «Sogni»-ին։ 2005-ին մեկնել է Արգենտինա՝ Բուենոս Այրեսի «Broadway» թատրոնում մասնակցելու «Raffaella Hoy» շոուին։ 2006 թվականին բացել է մի նոր հեռուստանախագիծ՝ «Amore»-ն, որի նպատակն էր օգնել որբացած երեխաների որդեգրման գործին։ 2013-ին դարձել է «The Voice of Italy» («Իտալիայի ձայնը») հեռուստաշոուի հաղորդավարուհին։ 2015-ին նախաձեռնել է երիտասարդ տաղանդների որոնմանը նվիրված «Forte forte forte» նոր շոուի հեռարձակումը[10]։

Ռաֆայելա Կառան այսօր էլ մնում է Իտալիայի և Իսպանիայի ամենահջողակ և ամենահայտնի հեռուստադիվա։ Իտալիայում արժանացել է «Raffa Nazionale» կոչման։ Զանգվածային լրատվամիջոցների՝ 2012 թվականին կազմած ամենաանվանի շիկահեր իտալուհիների վարկանիշային ցուցակում գրավել է առաջին տեղը։ Ամփոփելով նրա վաստակը հենց միայն որպես երգչուհու՝ արժե նշել, որ արդեն թողարկել է ավելի քան յոթանասուն երաժշտական ալբոմ։

Ռաֆայելան՝ գրքերի հեղինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաշնորհ արվեստագետը իր ուժերը փորձել է նաև գրականության ասպարեզում։ Մանուկների համար Ռաֆայելան գրել ու հրատարակել է «Հմայված կղզին» գիրքը, իսկ տնային տնտեսուհիների համար՝ «Ռաֆայելայի բաղադրատոմսերը» ժողովածուն։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Raffaella (1970)
  • Raffaella Carrà (1971)
  • Raffaella... Senzarespiro (1972)
  • Scatola a Sorpresa (1973)
  • Milleluci (1974)
  • Felicità tà tà (1974)
  • Il meglio di Raffaella Carrà1975)
  • Forte Forte Forte (1976)
  • I successi di Raffaella Carrà(1977)
  • Fiesta (1977)
  • Ritratto di... Raffaella Carrà (1977)
  • Carrà Sera (1978)
  • Raffaella (1978)
  • Applauso (1979)
  • Mi Spendo Tutto (1980)
  • Raffaella Carrà (1982), Ֆրանկո Բրակարդիի հետ համատեղ
  • Fantastica! (1982)
  • Fatalità (1983)
  • Bolero (1984)
  • Pronto... Raffaella? (1984)
  • Fidati (1985)
  • Curiosità (1986)
  • I Grandi Successi di Raffaella Carrà(1987)
  • Raffaella (1988)
  • Parti di Me (1988)
  • Mi Spendo Tutto (1990)
  • Inviato Speciale (1990)
  • Raffaella Carrà (1991)
  • I Miei Successi (1993)
  • I Successi di Raffaella Carrà (1994)
  • Fantastica Carrà (1996)
  • Carramba che Rumba (1996)
  • Gli Anni d'Oro (1997)
  • Raffaella Carrà (1997)
  • Raffaella Carrà (1998)
  • Raffaella Carrà (1998)
  • Fiesta/I Grandi Successi (1999)
  • Tutto Carrà (1990)
  • Raffaella Carrà(2000)
  • I Grandi Successi Originali (2000)
  • Fiesta/I Grandi Successi (2001)
  • Raffaella(2001)
  • Tutto Carrà(2001)
  • Raffaella Carrà (2001)
  • Raffaella... Senzarespiro (2001)
  • Raffaella Carrà (2001)
  • Raffaella Carrà (2005)
  • Raffaella Carrà (2006)
  • Raffica (2007)
  • Raffica (2008)
  • Far L'amore Comincia Tu (Remix), (2011)
  • Replay (2013)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Tormento del passato, ռեժ.՝ Mario Bonnard (1952)
  • Valeria ragazza poco seria, ռեժ՝. Guido Malatesta (1958)
  • Europa di notte, ռեժ՝. Alessandro Blasetti (1958)
  • Caterina Sforza, la leonessa di Romagna, ռեժ՝. Giorgio Walter Chili (1959)
  • La lunga notte del '43, ռեժ՝. Florestano Vancini (1960)
  • La furia dei barbari, ռեժ՝. Guido Malatesta (1960)
  • Il peccato degli anni verdi, ռեժ՝. Leopoldo Trieste (1960)
  • Maciste l'uomo più forte del mondo, ռեժ՝. Antonio Leonviola (1961)
  • Ulisse contro Ercole, ռեժ՝. Mario Caiano (1961)
  • Maciste nella terra dei Ciclopi, реж.Antonio Leonviola (1961)
  • 5 marines per 100 ragazze, ռեժ՝. Mario Mattoli (1962)
  • Pontius Pilatus – Statthalter des Grauens (իտալ.՝ Ponzio Pilato, ֆր.՝ Ponce Pilate), реж. :it:Gian Paolo Callegari||Gian Paolo Callegari}}) en:Irving Rapper (1962)
  • Giulio Cesare, il conquistatore delle Gallie, ռեժ՝. Tanio Boccia (1962)
  • I Don Giovanni della Costa Azzurra, ռեժ՝. Vittorio Sala (1962)
  • L'ombra di Zorro, ռեժ՝. Joaquín Luis Romero Marchent (1962)
  • Il terrorista, ռեժ՝. Gianfranco De Bosio (1963)
    Կադր «Il terrorista» ֆիլմից, 1963 թ.
  • I compagni, ռեժ՝. Mario Monicelli (1963)
  • Vivere insieme, "La figlia dell'oca bianca" սերիան,TV (1964)
  • L'amore e la chance, "La fortuna si chiama Lucky" սերիան, ռեժ՝. Charles L. Bitsch (1964
  • La Celestina P... R..., ռեժ՝. Carlo Lizzani (1965)
  • Il colonnello Von Ryan), (ԱՄՆ) ռեժ՝.Մարկ Ռոբսոն (1965)
  • Lo stagno del diavolo, ռեժ՝. Guglielmo Morandi TV (1965)
  • Scaramouche, ռեժ՝. Daniele D'Anza TV (1965)
  • Il vostro superagente Flit, ռեժ՝. Mariano Laurenti (1966)
  • Il Santo prende la mira, ռեժ՝. Christian Jacque (1966)
  • Rose rosse per Angelica, ռեժ՝. Steno (1968)
  • Idillio Villereccio, ռեժ՝. Vittorio Barino TV (1968)
  • 7 eroiche carogne (Comando al infierno), ռեժ՝. José Luis Merino (1969)
  • Professione bigamo, ռեժ՝. Franz Antel (1969)
  • Il caso "Venere privata", ռեժ՝. Yves Boisset (1970)
  • (Cran d'arret) (1970)
  • I spy Bill Cosby, սերիալ (1970)
  • Arsenio Lupin, "La donna dai due sorrisi" սերիան, ռեժ՝. Marcello Baldi ТВ (1971)
  • Ekines ki ego TV (1977)
  • Barbara, реж.Gino Landi (1980)
  • "FF.SS." - Cioè: "...che mi hai portato a fare sopra a Posillipo se non mi vuoi più bene?", ռեժ՝.Renzo Arbore (1983)
  • Mamma per caso, ռեժ՝. Sergio Martino, сериал ТВ (1997)
  • Colpi di fortuna, ռեժ՝. Ների Պարենետի, (2014, камео)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Paolo Martini, TV sorrisi e milioni, Grandi Edizioni Italiane, 1985, ISBN 88-345-0020-2.
  • Joseph Baroni, Dizionario della televisione, Raffaello Cortina Editore, 2005, ISBN 88-7078-972-1.
  • Aldo Grasso (a cura di), Enciclopedia della televisione, 3aed., Garzanti Editore, 2008, ISBN 978-88-11-50526-6.
  • Le Ricette di Raffaella di Raffaella Carrà, 1991
  • Enrico Lancia e Roberto Poppi (a cura di), Le attrici: dal 1930 ai giorni nostri, Roma: Gremese Editore, 1999, p. 70.
  • Le teche Rai, la prosa televisiva dal 1954 al 2008.
  • Le teche Rai, il varietà televisivo dal 1954 al 2008.
  • Raffabook di Fabio Canino
  • Mito In Tre Minuti di Antimo Verde
  • Grazie Raffa di Valeria Muccifora, Castelvecchi, 2000
  • Gli ospiti di Raffaella / libro a tiratura limitata distribuito alla Stampa

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 E' morta Raffaella Carrà: addio alla regina della tv (իտալ.)
  4. 4,0 4,1 4,2 È morta Raffaella Carrà, icona della tv italiana. Japino: "È andata in un mondo migliore" (իտալ.) // la RepubblicaRoma: GEDI Gruppo Editoriale, 2021. — ISSN 0390-1076; 2499-0817
  5. https://www.revistavanityfair.es/cultura/entretenimiento/articulos/raffaella-carra-vida-canciones-parejas/45759
  6. https://www.vidanuevadigital.com/blog/el-cardenal-que-lloro-en-el-sinodo-jose-beltran/
  7. "Raffaella Carra - Italian Music"; retrieved 23 June 2015
  8. Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջ 95. ISBN 1-904994-10-5.
  9. http://www.rtve.es/television/20110514/minuto-minuto-final-eurovision-2011/432456.shtml
  10. http://www.abc.es/videos-cultura/20140227/raffaella-carra-coach-italia-3266419910001.html

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայելա Կառա» հոդվածին։